Արցախից բռնի տեղահանվածների համար «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ստեղծված «Armrights.am» առցանց հարթակը դարձավ վստահելի ուղեկից՝ սոցիալական պաշտպանության և իրավական արդարության ճանապարհին։ Հարթակի միջոցով բազմաթիվ ընտանիքներ կարողացան ստանալ ոչ միայն իրավական խորհրդատվություն, այլև գործնական աջակցություն՝ իրենց խնդիրները բարձրացնելու և պետության հետ հաղորդակցության արդյունավետ մեխանիզմներ կիրառելու համար։
Վերջերս «Armrights.am» հարթակի միջոցով հայտ էին ներկայացրել չորս բռնի տեղահանված ընտանիքներ (Ա․Ա․, Ա․Գ․, Լ․Ղ․, և Լ․Ա․), որոնք հայտնվել էին բարդ իրավիճակում՝ բախվելով ինչպես e-social.am համակարգի տեխնիկական խափանումներին, այնպես էլ անհիմն մերժումների դեպքերին։ Այս ընտանիքներից մի մասի դիմումները համակարգը պարզապես չէր ընդունում՝ կայքի տեխնիկական անսարքությունների պատճառով, ինչի հետևանքով նրանք չէին կարողանում ամբողջությամբ ներկայացնել պահանջվող տվյալները և մասնակցել աջակցության ծրագրին։
Միևնույն ժամանակ, մյուս երկու դեպքում շահառուները ստացել էին անօրինական և փաստական հիմքերից զուրկ մերժում, քանի որ տվյալների բազայում սխալմամբ արձանագրվել էր, մի դեպքում, որ բնակվում են շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում, մյուս դեպքում՝ հաշվառման և փաստացի բնակության հասցեն տարբեր են ։ Այս տեղեկությունը իրականությանը չէր համապատասխանում և ոչ մի փաստաթղթով չէր հաստատվում։ Արդյունքում, ընտանիքները ժամանակավորապես զրկվել էր իրեն հասանելիք սոցիալական աջակցության իրավունքից՝ բացառապես համակարգային և վարչարարական սխալի հետևանքով։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի մասնագետները մանրամասն ուսումնասիրեցին յուրաքանչյուր դեպք, օգնեցին շահառուներին լրացնել և վերահաստատել դիմումները, ինչպես նաև պատրաստեցին իրավական հիմնավորված գրություններ, որոնք ուղղված էին Միասնական սոցիալական ծառայությանը։ Այս միջամտության արդյունքում պետական մարմինը վերանայեց ներկայացված դիմումները և բոլոր չորս ընտանիքներն ընդգրկվեցին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության շահառուների ցանկում։
Այս պատմությունը վկայում է, որ ճիշտ կառուցված իրավական աջակցությունը և փաստարկված հաղորդակցությունը կարող են վերականգնել քաղաքացիների նկատմամբ արդար վերաբերմունքը։
Միևնույն ժամանակ, այս դեպքը ընդգծում է թվային համակարգերի և սոցիալական աջակցության ընթացակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը, որպեսզի նման սխալները չդառնան խոցելի խմբերի համար խոչընդոտ՝ իրենց օրենքով սահմանված իրավունքներից օգտվելու ճանապարհին։
«Armrights.am»-ը շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցելով բռնի տեղահանվածներին, որպեսզի նրանք ոչ միայն տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին, այլև կարողանան դրանք արդյունավետ կերպով իրացնել՝ արժանապատիվ կյանքի և սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ։