2025 թվականի մայիսի 15-ին Բյուրեղավան համայնքում «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ներկայացրել armrights.am էլեկտրոնային հարթակը։
Հանդիպման ընթացքում մանրակրկիտ քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական պաշտպանությանն առնչվող բազմաթիվ կարևոր հիմնահարցեր:
Մասնակիցներին հատկապես հուզող առաջնահերթ թեմաների շարքում էին՝
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգը, դրա իրականացման եղանակներն ու ժամկետները
- Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի վերականգնման հարցերը
- Աշխատանքային գործունեության ստաժի հաշվարկման հետ կապված հարցերը
- Ծննդյան և ամուսնության վկայականների վերականգնման գործընթացի առանձնահատկությունները
- Անգործունակ ճանաչելու և խնամակալության նշանակման ընթացակարգը
- Արցախում մնացած ավտոմեքենաները խոտան համարելու հնարավորությունները
Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու անհատական խորհրդատվություն, որտեղ իրավաբանը տրամադրեց մանրամասն պարզաբանումներ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Բացի այդ, ներկայացվեցին նաև վերոնշյալ հարցերի լուծման գործնական քայլերը և համապատասխան պետական մարմինների հետ աշխատելու առանձնահատկությունները։
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին կոնտակտային տվյալներ՝ հետագա օգնության և խորհրդատվության համար, ինչը հնարավորություն կտա շարունակել համագործակցությունը և ստանալ անհրաժեշտ աջակցություն։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
«Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, որը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է իր անխոնջ աշխատանքը՝ ուղղված արցախահայերի իրավական խնդիրների լուծմանը: